«ՁԱՅՆ ԲԵՐՈՂԸ ՄԻԱՅՆ ԵՍ ՉԵՄ»
ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Մամուլը գրեց, թե Դուք հավակնում եք Գեղարքունիքի մարզպետի պաշտոնին: Նման ցանկությո՞ւն ունեք:
-Առաջին անգամ չէ, որ մամուլը նման տեղեկություններ է տպում: Այդպիսի առաջարկություն ինձ չի եղել, չի էլ լինելու, որովհետև կոալիցիոն հուշագրով դա ԲՀԿ-ին է պատկանում: Ներկայիս մարզպետը նորմալ աշխատում է, ու մենք համագործակցում ենք: Մարզպետ դառնալու ցանկություն էլ չունեմ:
-Մի քանի գումարումների պատգամավոր եք, այս անգամ է՞լ եք առաջադրվելու:
-Դեռ շուտ է այդ մասին խոսելը: Որոշումը ես չեմ կայացնում, կուսակցության խորհուրդը պիտի որոշի:
-Որպես Գեղարքունիքի ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, ինչքա՞ն ձայն եք ապահովելու հարազատ կուսակցությանը:
-Ձայն բերողը միայն ես չեմ, այլ ողջ թիմը:
-Խոսակցություններ կան, որ այս անգամ Ձեր ընտրատարածքից առաջադրվող թեկնածուները շատ են լինելու։ Մրցակցությունից չե՞ք վախենում։
-Իհարկե` ոչ։ Որքան շատ լինեն մեծամասնական ընտրակարգով առաջադրվողները, այնքան լավ։ Ես չեմ պատրաստվում մեծամասնականով առաջադրվել։
-Խորհրդարանում Դուք համալրում եք պասիվ պատգամավորների շարքը։ Ի՞նչ հիմնավորմամբ եք նորից առաջադրվելու։
-Ես ոչ թե ակտիվ չեմ, ուղղակի ինձ ներկայացնելու խնդիր չունեմ։ Կուսակցության տեսակետները, ըստ կանոնադրության, ներկայացնում են ղեկավարները։ Իմ գործունեությունը ծավալում եմ մարզում ու բացարձակապես ինձ ներկայացնելու խնդիր չունեմ։
-Ընտրողների հետ հանդիպո՞ւմ եք։
-Այո, մշտապես։
-Նրանց ձայնը խորհրդարանում «ներկայացնելու» անհրաժեշտություն չե՞ք տեսնում։
-Ընտրողների խնդիրները ներկայացնում ենք, պարտադիր չէ, որ բոլորն այստեղ բարձրաձայնվեն։ Մենք թիմով ենք աշխատում ու թիմով էլ ներկայացնում ենք։
-Փաստորեն, համոզված եք, որ հաջորդ խորհրդարանում լինելու եք։
-Կանխատեսումներ չանենք, եթե կուսակցությունը որոշի, կլինեմ։
-Ի դեպ, խոսակցություններ կան, թե Դուք ձեր ընտրատարածքի մեկ այլ պատգամավորի Հակոբ Հակոբյանի հետ տարաձայնություններ ունեք։
-Չգիտեմ` որտեղից եք վերցրել այդ տեղեկությունը։ Հակոբ Հակոբյանը մեր թիմի անդամ է, ինքը մեծամասնականով է ընտրվել, ու եթե այս անգամ էլ կուսակցությունը նման որոշում կայացնի, ես այս անգամ էլ կքարոզեմ նրա օգտին։ Մենք ընդհանրապես խնդիրներ չունենք։
-Տպավորությունն այնպիսին է, որ կուսակցությունում Հակոբյանի ազդեցությունն ավելի մեծ է, քան Ձեր։
-Իսկ ո՞վ է դա որոշում։ Ես նման բան առաջին անգամ եմ լսում։ Ինքը, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, մի ընտրատարածք է ներկայացնում, իսկ ես` ողջ մարզը։ Ինչպե՞ս կարող է մեկ ընտրատարածքի ազդեցությունն ավելի մեծ լինել, քան մարզինը։
«ՈՉ ՄԵԿԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԻ ԾՆՎԵԼ»
ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (անկախ պատգամավոր)
-Ի վերջո, պարզ չեղավ` Դուք ՕԵԿ-ին անդամագրվեցի՞ք, թե՞ ոչ։
-Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։
-Բայց հայտարարվեց այդ մասին, տարբեր խոսակցություններ եղան։
-Ինչի՞, այդպիսի խոսակցություններ ե՞ն եղել։
-Փաստորեն, մտադիր չեք որևէ կուսակցության անդամակցելու։
-Առայժմ ոչ։
-Իսկ ընտրությունների շեմի՞ն։
-Միգուցե այսօր ցանկալի է որևէ կուսակցության անդամ լինելը, որովհետև կառավարմանը մասնակցելու գործում այլ ձև չկա, եթե ոչ ինչ-որ կուսակցության անդամ լինելը։ Գուցե և նման որոշում ընդունեմ։
-Տեսակետ կա, թե նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնանկությունից հետո Ձեր դիրքերը թուլացան, ու Դուք փնտրում եք քաղաքական հենարան, ի դեմս իշխանական կուսակցության։
-Իմ դիրքերն ուժեղ են իմ ապրած կյանքով, ներկայով ու ապագայով։ Մարդու դիրքերն ուժեղ են լինում իր ապրելաձևով, վարվելաձևով։
-Այսինքն, Ձեր հույսը Դուք եք։
-Իմ հույսն իմ ընկերներն են։ Ի՞նչ է, ինքնանպատա՞կ է պատգամավոր դառնալը։ Եթե իմ տարածքում նման ցանկություն հայտնեն, ուրեմն կհաղթեմ։ Ոչ մեկը պատգամավոր, քաղաքական գործիչ, պաշտոնյա ոչ ծնվել է, ոչ էլ մահանալու է։
«ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՀՀԿ-Ի ՀՈՒՄՈՐԸ»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ)
-«Ժառանգության» առաջադրած ԱԺ խոսնակի ու փոխխոսնակի թեկնածուները աջակցություն ստացան միայն ձեր կուսակցության կողմից։ Ինչո՞ւ ՀՅԴ-ն չաջակցեց ընդդիմության թեկնածուին։
-Ճիշտ կլիներ դրան պատասխանեն դաշնակցական պատգամավորները։ Կարծում եմ` իշխանական դաշտի թեկնածուի հետ նրանք շատ ավելի երկար ճանապարհ են անցել, քան ընդդիմության։
-Դաշնակցությունը մշտապես վկայակոչում է այն հանգամանքը, թե հակակշիռները պահպանելու համար պետք է ընդդիմության անդամներին ևս վստահվեն ղեկավար պաշտոններ։ Փաստորեն, խոսքն ու գործը հակասում են իրար։
-Դա ոչ միայն ՀՅԴ-ի, այլև քաղաքական ողջ համակարգի հիվանդությունն է։ Շատ շատերի մոտ ևս խոսքն ու գործը չեն համընկնում։ Կարելի է հիանալ, թե ինչպիսի գեղեցիկ ճառեր են արտասանում, բայց երբ իջնում ենք երկնքից իրականություն, տեսնում ենք, որ այդ երկուսի միջև խոր անդունդ կա։
-Ի դեպ, ՀՀԿ-ից կարծիք հնչեց, թե այն չորս ձայնն էլ, որ ստացել է «Ժառանգության» խոսնակի թեկնածուն, իրենք են տվել, որպես ժողովրդավարություն քարոզող ու հետապնդող կուսակցություն։
-Իհարկե, իրենց հումորը գնահատում ենք, բայց այսօրվա քվեարկությունն ամրագրեց խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները։
-Ի՞նչ եք կարծում, ԱԺ նոր նախագահը շարունակելո՞ւ է նախորդի գործելաոճը։
-Այն քաղաքականությունը, որ մինչև հիմա տարվել է, շարունակվելու է։ Խնդիրն անձերով պայմանավորված չէ։ Կա որոշում կայացնող մի քանի կենտրոն` նախագահական նստավայր, ՀՀԿ խորհուրդ, կոալիցիոն համաձայնագիր։ Չկա պետական կառույց` ԱԺ, կառավարություն։ Այսինքն, անձնական որոշումների կայացման դաշտ կա։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ